ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ընդունել է Շվեդիայի դեսպանին

Փետրվարի 12-ին Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։

Ընդունելության ընթացքում խմբակցության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստ է աշխատել դրա զարգացման համար տարբեր ոլորտներում։

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Շվեդիայի կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունը։ Նա հատուկ ընդգծել է ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի դրական ներդրումը, որը, նրա խոսքով, զգալիորեն բարելավել է ԱԺ աշխատակազմի մասնագիտական և փորձագիտական կարողությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանային զարգացումների և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոսել երկկողմ համագործակցության օրակարգի մասին՝ ներկայացնելով Հայաստանում Շվեդիայի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը։