ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին։
Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առջև ծառացած առաջնահերթությունները։ Նա նշել է, որ նախարարությունը կենտրոնացած է պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերի իրականացման վրա։
Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման, «Ամպայինն առաջինը» (Cloud First) քաղաքականության և կիբեռանվտանգության համակարգերի զարգացման կարևորությունը՝ որպես հիմնաքարեր, որոնք պետք է ապահովեն ավելի արդյունավետ, թափանցիկ և մատչելի հանրային ծառայություններ։
Ջոն Բանյանը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը։ Նա նշել է, որ Salesforce-ը հետևում է նման դինամիկայի և հետաքրքրված է նորարարական լուծումների տարածմամբ այնպիսի շուկաներում, որոնք առաջնահերթություն են տալիս թվային առաջընթացին և տաղանդների բացահայտմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական և մասնավոր հատվածների արտադրողականությունը բարձրացնելու համար համագործակցության մի շարք ուղղություններ։ Քննարկվել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակման հնարավորությունները, որոնք կլինեն լիարժեքորեն համապատասխան Հայաստանի տվյալների պահպանության պահանջներին։