Հունիսյան ընտրությունների մասնակցության հարցի ռազմավարական նշանակությունը

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության մակարդակը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական համակարգի ապագա կառուցվածքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցությունը ցածր է, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները կարող են չարտահայտել հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։

Հայաստանի քաղաքական իրականության մեջ, ինչպես և աշխարհի շատ երկրներում, ցանկացած իշխանություն, անկախ իր արդյունավետությունից կամ ձախողումներից, միշտ ունի որոշակի ընտրազանգված, այսպես կոչված՝ «հիմքային» ընտրառեսուրս։ Այս «հիմքը» կարող է կազմված լինել վարչական ռեսուրսներից, կուսակցական կառույցներից, պետական համակարգում աշխատող պաշտոնյաներից և իշխանությանը հարող որոշակի սոցիալական խմբերից։

Եթե ենթադրենք, որ գործող իշխանությունը, հաշվի առնելով այս գործոնները, ունի մոտ 300 հազար ձայնի չափով կայուն «ընտրազանգված», ապա այդ թիվը դառնում է կարևոր քաղաքական գործոն։ Դրա նշանակությունը հատկապես հստակ երևում է ընտրություններին մասնակցության ընդհանուր մակարդակի համատեքստում։

Օրինակ, եթե ընտրություններին մասնակցի ընդամենը 800 հազար ընտրող, ապա 300 հազար ձայնը կկազմի ընտրողների շուրջ 37 տոկոսը։ Եթե մասնակցությունը հասնի մեկ միլիոնի, այդ նույն 300 հազար ձայնը կկազմի արդեն 30 տոկոս։ Իսկ եթե մասնակցությունը բարձրանա մինչև մոտ մեկ միլիոն երեք հարյուր հազար, ապա այդ նույն ընտրազանգվածի հարաբերական կշիռը կիջնի մոտավորապես 23 տոկոսի։

Այս պարզ թվաբանական հաշվարկը բացահայտում է ընտրական քաղաքականության կարևոր տրամաբանություն. որքան բարձր է ընտրություններին մասնակցությունը, այնքան նվազում է ֆիքսված, ավելի կոնկրետ՝ իշխանության ընտրազանգվածի տոկոսային-հարաբերական ազդեցությունը ընտրական արդյունքի վրա։

Այս տեսանկյունից այս ընտրություններում առանցքային դեր է խաղում մասնակցության մակարդակը։ Իրականում, հայկական քաղաքական դաշտում հաճախ կարելի է նկատել այն երևույթը, երբ ընտրություններից առաջ հանրային դաշտ են նետվում տարբեր սոցիոլոգիական հարցումներ կամ քաղաքական հայտարարություններ, որոնցում կանխատեսվում են բարձր տոկոսներ այս կամ այն քաղաքական ուժի համար։ Գործող իշխանությունները հետևողականորեն փորձում են դրանց միջոցով հանրության մեջ սերմանել կարծիք, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է, և իրենք շատ ավելի քվե ունեն, քան բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը։ Նման տեղեկատվական ֆոնն ունի հոգեբանական ազդեցություն ընտրողների վրա։ Եթե հասարակության մի հատված սկսում է հավատալ, որ ընտրությունների արդյունքն արդեն որոշված է, ապա հակաիշխանական տրամադրվածություն ունեցող հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ մտածելով, որ իրենց քվեն որևէ ազդեցություն չի ունենալու։ Այս հոգեբանական ազդեցությունը քաղաքական տեխնոլոգիաների մեջ հայտնի է որպես ընտրական ապատիայի խթանում։

Սակայն իրականում կոնկրետ այս ընտրություններում յուրաքանչյուր ձայն կարող է կարևոր դեր ունենալ։ Հատկապես այնպիսի քաղաքական իրավիճակներում, որտեղ հասարակության տարբեր հատվածների միջև գոյություն ունի լուրջ բևեռացում, նույնիսկ համեմատաբար փոքր թվով լրացուցիչ ձայները կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։ Այդ պատճառով ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Եթե ընտրություններին մասնակցի հնարավորինս մեծ թվով ընտրող, ապա ընտրական արդյունքները ավելի մեծ հավանականությամբ կարտացոլեն հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։

Այսինքն, այս տեսանկյունից ոչ այնքան կարևոր է, թե հակաիշխանական որ ուժին ձայն կտա ընտրողը (դա քաղաքական ուժերի շահագրգռվածության և «համոզելու» խնդիրն է), այլ որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և արտահայտեն իրենց քաղաքական դիրքորոշումը։ Հենց մասնակցության միջոցով է ձևավորվում քաղաքական համակարգի իրական լեգիտիմությունը, որն էլ իր հերթին արտացոլում է հանրային աջակցության իրական պատկերը։