Սոցիալական երաշխիքները խթանում են զինվորական մասնագիտության ընտրությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որում մանրամասնում է զինվորական ծառայության ընտրությանը վերաբերող կարևոր նորություն։

Նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026 թվականից սկսած ռազմական ակադեմիան ավարտող ավագ սերժանտներին և սերժանտներին կտրամադրվի բնակարան։

Ըստ նախարարի՝ ռազմական ակադեմիան ավարտելուց հետո կուրսանտները կունենան հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերելու հնարավորություն մինչև 80 քառակուսի մետր մակերեսով բնակարան, որի արժեքը կարող է հասնել մինչև 35 միլիոն դրամի։ Պետությունը կկատարի բոլոր վճարները՝ ապահովելով կուրսանտների համար 20 տարվա պայմանագրային պարտավորություն և ծառայություն Հայաստանին։

Այս նախաձեռնությունը, ըստ նախարարի, նպատակ ունի խթանել զինվորական մասնագիտության ընտրությունը՝ ապահովելով զինծառայողներին սոցիալական երաշխիքներ և բնակարանային հարցի լուծում։