Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանքի միջոցը փոխել է 25 միլիոն դրամ գրավով։ Այս որոշումից հետո նա ազատվել է կալանքից։
Ինչպես հայտնի է դարձել, գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Նալբանդյանի փաստաբանը չի հերքում այս տեղեկությունը։
Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ նախկինում հարցազրույցի ընթացքում, նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, Հովիկ Աբրահամյանի որդու հետ։ Գործարարը պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է գրավի գումարը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տան սեփականատեր Արգամ Աբրահամյանը տունը վաճառել էր գործարար Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար էր։ Լ. Պետրոսյանը պետք է հիմնական գումարը՝ 2 միլիարդ 452 միլիոն դրամը, վճարեր մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը, սակայն այդ ժամկետում վճարումը չի կատարվել։ 2023 թվականի փետրվարի 8-ին առուվաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, և վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այդ իրավիճակում, երբ գործարքը դեռևս չէր ավարտվել, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի (նախկին ՀՔԾ) վարույթում գտնվող գործով արգելանք էր դրվել Աբրահամյանների առանձնատան վրա։ Սակայն ՀՔԾ քննիչը հետագայում հանել է այդ արգելանքը, ինչի արդյունքում Աբրահամյանները կարողացել են տունը վաճառել Նալբանդյանի կնոջը։
Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականի հունիսի 13-ին ձերբակալել էր Հովիկ Աբրահամյանին՝ մեղադրելով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեջ։
Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշել էր, որ դատարանը մերժել է նրա կալանավորելու միջնորդությունը և կիրառել է տնային կալանք։ Փաստաբանը նաև նշել էր, որ 7 ժամ տևած դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել է մեղադրանքի անհիմն լինելու և դրա հաստատման համար ապացույցների բացակայության մասին։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանի այս որոշումը բողոքարկվում է։