ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի փոխվարչապետի հետ՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը։ Զրուցակիցները ընդգծել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Այս համատեքստում նախարարները քննարկել են առևտրատնտեսական և գործարար կապերի խթանման, ներդրումային ծրագրերի զարգացման տարբերակները։ Նրանք նշել են, որ վերջին տարիներին ուղիղ չվերթերի աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները կարող են նպաստել այդ նախաձեռնությունների արդյունավետ իրացմանը։

Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ որպես խաղաղության հաստատման նշան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև հումանիտար հարցերը։