ՆԳՆ-ն և ԵԱՀԿ-ն քննարկել են 2026 թվականի ընտրություններին կապված հարցերը

Փետրվարի 11-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացվածության և կարիքների գնահատման հարցերը։

Ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան հետաքրքրվել է ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից իրականացվող նախապատրաստական միջոցառումներով։

Արմեն Ղազարյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը պատասխանատու է ընտրողների ցուցակների պատշաճ կազմման և հրապարակման համար։ Նա մանրամասն ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ ընդգծելով տվյալների թարմացման ուղղությամբ Համայնքային ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից համատեղ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ խախտումների հայտնաբերման և համապատասխան մարմիններին փոխանցման գործընթացում ՆԳՆ ոստիկանության իրավասությունները։

Կողմերը միաձայն ընդգծել են ընտրական գործընթացի թափանցիկության և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման կարևորությունը։ Ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության ապահովման գործընթացում կարևորվել են ակտիվ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։ Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։