Լոռու մարզպետարանը պետական միջոցներով ձեռք է բերել 467,900 դրամ արժողությամբ iPhone 16 Pro

Իմ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերել Apple iPhone 16 Pro (128GB, Desert Titanium) մոդելի բջջային հեռախոս։ Գնման արժեքը կազմել է 467,900 դրամ։

Գործարքը կատարվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի հետ, ինչի մասին վկայում է առկա հաշիվ-ապրանքագիրը։ Սակայն, ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթերում, գնումը կատարվել է առանց նշելու սարքի նախատեսված օգտատիրոջ կամ այն պետական կարիքի, որի համար է նախատեսված այն։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում պետական միջոցների օգտագործման թափանցիկության և կանոնավորության առումով։ Պետական կառույցներում նման գնումների դեպքում սովորաբար պարտադիր է նշել սարքի նպատակը կամ այն պաշտոնյան, ում համար է նախատեսված այն։

Հարկ է նշել, որ խոսքը վերաբերում է 2024 թվականին թողարկված iPhone 16 Pro մոդելին, որը համարվում է Apple-ի նոր սերնդի սմարթֆոններից մեկը։

Գործարքի մյուս ուշագրավ կողմը մատակարար ընկերությունն է։ Հեռախոսը ձեռք է բերվել «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, որը Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու ընկերություններից մեկն է։ Այն պատկանում է գործարար Արթուր Պետրոսյանին, ով նախկինում եղել է Երևանի ավագանու «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ։