Հայաստանի բուհերում 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի ընթացքում մի քանի բուհերում հայտնվել են անսովոր և կասկածելի իրադրություններ։
Այս տարի պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին։ Սակայն ամենաանսովոր իրադրությունը դիտարկվում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Համալսարանը համապատասխան հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18-ին։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, կառավարությունը որոշումը կայացրել է հունիսի 11-ին, մարդիկ մեկ շաբաթ անց հայտարարություն են տեղադրում։ Բայց կասկածներն ի հայտ են գալիս, երբ հայտարարության մեջ կարդում ես. «ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը»։
Սա նշանակում է, որ դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Վալերի Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունվում են։ Հայտարարությունը հրապարակվում է ժամկետի ավարտից ընդամենը երկու օր առաջ, իսկ եթե հաշվի առնենք, որ հունիսի 20-ը շաբաթ է, ստացվում է, որ դիմորդներն ընդամենը մեկ օր ունեն՝ հայտարարության մասին տեղեկանալու և դիմում ներկայացնելու համար։
Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում։ Իսկ ովքե՞ր և ե՞րբ են դիմել անվճար 55 տեղի համար, ինչպե՞ս են իմացել այդ մասին, առավել ևս, որ մեզ դիմած մի շարք պոտենցիալ դիմորդներ նշում էին, որ հունիսի սկզբից զանգահարվել են համալսարանից՝ հրավիրվելով դիմել։