Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ առավել ևս, որ դրանք համարվում են չափազանց վիճահարույց։ Քննարկումների հիմնական թեման ընդդիմության հնարավոր քայլերն են՝ հատկապես այն հարցը, թե արդյո՞ք խորհրդարան անցած ուժերը կվերցնեն իրենց մանդատները։
Այս հարցի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին։ Մինչ այդ, բնականաբար, սպասվում են բազմաթիվ քննարկումներ և բողոքարկումներ։
Օրինակ՝ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին։ Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ ԿԸՀ-ի կողմից մի քանի տեղամասի արդյունքների խեղաթյուրումը արդեն իսկ ցուցիչ է այն խայտառակությունների մասին, որոնք կարող են տեղի ունեցել հետընտրական գիշերվա ընթացքում։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարել է, որ իրենք կվիճարկեն ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք անցել են «իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ «հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»։ Նրանք նաև ընդգծել են, որ ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում դաշինքը գործել է «իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում»։
Ինչպես հայտնի է, «Միասնության թևեր» կուսակցությունը ևս կտրականապես մերժում է ընտրությունների հայտարարված արդյունքները՝ համարելով դրանք ապօրինի և չարտացոլող Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ Կուսակցությունը հայտնել է, որ նախաձեռնում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց և քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը։
Մի խոսքով, նախնական թվեր հրապարակելով դեռ ամեն ինչ չի ավարտվում, այլ հակառակը՝ իրական իրավական գործընթացը հենց հիմա է սկսվում։