Հայկական դիվանագիտության անդադար զիջողականությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շուրջ

Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի «վերադառնալ» իր նախնիների հողերը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա անհամաչափության ծանրությունը։

Այս կեղծ ու հեռահար խոսույթը Բաքուն պահում է օրակարգում՝ որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների և մշտական ճնշման լեգիտիմ գործիք։ Սակայն առավել մտահոգիչն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների կրավորական, վախվորած և սեփական պետական շահերը ստորադասող կեցվածքն է։

Փոխանակ Ադրբեջանի կողմից հնչող այս ագրեսիվ ու պետականակործան թեզերին համարժեք և կոշտ դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելու, Հայաստանի ղեկավարությունը նախընտրում է ձևացնել, թե նման խնդիր գոյություն չունի։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը պատրաստակամորեն քննարկում և ընդունում է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ սկսած սահմանազատման միակողմանի սկզբունքներից մինչև սեփական երկրի Մայր օրենքը փոխելու պատրաստակամություն։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի առաջ ագրեսիվ հռետորաբանությամբ, գոռգոռոցներով ու «դուխով» կերպարով հանդես եկող իշխանությունը արտաքին ճակատում ընդունակ չէ անգամ պրիմիտիվ ու տրամաբանական հարցադրումներ անել։

Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից։

Այս ամենի ֆոնին առանձնակի քննադատության է արժանի Հայաստանի իշխանությունների որդեգրած բացարձակ հրաժարողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Պաշտոնական Երևանը ոչ միայն չի փորձում, այլև բացահայտորեն խուսափում է միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության հավաքական և անվտանգ վերադարձի, նրանց իրավունքների ու սեփականության պաշտպանության հարցը։

Սեփական հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային օրակարգից ամբողջությամբ ջնջելով և արցախյան էջը վերջնականապես փակված համարելով՝ իշխանությունները Բաքվին հնարավորություն տվեցին անարգել առաջ մղել իր պատմական կեղծարարությունը։ Արդյունքում, Ադրբեջանը, էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը, այսօր միջազգային հանրությանն է հրամցնում «Արևմտյան Ադրբեջանի» շինծու թեզը, իսկ Հայաստանի կառավարությունը լուռ հետևում է այս ընթացքին՝ վախենալով խախտել իր իսկ կողմից հորինված «խաղաղության պատրանքը»։

Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի և Ադրբեջանի պահանջները հիմնավորողի դերում, ցանկացած թղթային պայմանագիր ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պարզապես արձանագրելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։