Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ լուրջ կադրային փոփոխություններ։
Իշխանական աղբյուրների համաձայն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ։ Այս քայլը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածու է համարվում Լիլիթ Մակունցը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։
Փորձեր կատարվել են մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում ստացված տեղեկությունները։ Սակայն զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացվեց, ինչը նշանակում է, որ տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ էլ հաստատվեցին։