ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ Հայաստանում ներդրումները շահութաբեր են լինելու

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը հայտարարել է, որ Հայաստանում ներդրումներ կատարող մարդիկ կարող են բավականին շահութաբեր արդյունքներ ստանալ։ Այս կարծիքը նա հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ կայացած ասուլիսի ժամանակ։

Վենսը նշել է, որ վարչապետը նույնպես շահագրգռված է գործերի արագացման գործընթացում, քանի որ տնտեսական բարգավաճումը, նրա կարծիքով, ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտ է խաղաղության հաստատման համար։

«Իհարկե, Միացյալ Նահանգները կառուցողական և դրական դեր է խաղալու, բայց իմ կարծիքով՝ խնդիրը փողի բացակայության մեջ չէ։ Շատ հետաքրքրվածություն և շահագրգռվածություն կա աշխարհով մեկ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը՝ ընդգծելով, որ ներդրողները կարող են Հայաստանում շահութաբեր գործունեություն ծավալել։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Վենսը նրան նկարագրել է որպես մի անձնավորություն, որը ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Նա նաև նշել է, որ, թեև նման գործընթացը մի օրում կատարել չի կարելի, օգոստոսի 8-ից մինչ օրս արդեն կարելի է խոսել զգալի առաջընթացի մասին։