Հայաստանի ներքաղաքական կյանքում 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական դիսկուրսի առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործող իշխանությունը սեփական լեգիտիմության հիմքում դրեց երկու հիմնարար թեզ։ Առաջինը վերաբերում էր այն պնդմանը, որ իրենց իշխանությունը ունի ժողովրդի աջակցությունը, երկրորդը՝ ընտրական գործընթացների որակական փոփոխությանը, որտեղ ընտրակեղծիքները բացառված են, վարչական ճնշումները վերացված են, իսկ քաղաքացիների կամքը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։
Այս երկու թեզերը երկար ժամանակ իշխանության քաղաքական ինքնաներկայացման հիմնական հենասյուներն էին և, ըստ էության, հանդիսանում էին այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվում էր ամբողջ «հետհեղափոխական» քաղաքական համակարգը։ Սակայն վերջին ընտրական գործընթացների շուրջ ծավալված զարգացումները, ընտրությունների արդյունքների վիճարկումը, քաղաքական ուժերի կողմից հնչեցված մեղադրանքները, ինչպես նաև իրավական հարթությունում սկսված գործընթացները վկայում են, որ իշխանության կողմից տարիներ շարունակ ձևավորված քաղաքական նարատիվը պարզապես փլուզվում է։
Համաժողովրդական աջակցության թեզի կործանումը
Իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ շեշտում էին, որ իրենք ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը և ունեն համազգային մանդատ։ Փաշինյանն անգամ իրենց գործողություններն արդարացնում էր ժողովրդի անունից, ինչքան էլ որ այդ քայլերը հակասեին ժողովրդավարության տառին և ոգուն։ Սակայն քաղաքական գիտության մեջ «համաժողովրդական իշխանություն» հասկացությունը ոչ միայն ընտրություններում հաղթանակի փաստն է ենթադրում, այլ նաև հանրային լայն կոնսենսուսի առկայություն։
Եթե իշխանությունը չի ստանում ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա «համաժողովրդական» բնորոշման կիրառումն արդեն դառնում է, մեղմ ասած, վիճելի։ Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ՔՊ-ն չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ ընտրողների մեծ մասը մերժել է գործող իշխանության քաղաքական օրակարգն ու քայլերը։ Այս պայմաններում իշխանության համար այլևս անլուրջ կլինի շարունակել խոսել այն մասին, թե իրենց օրակարգը ներկայացնում է ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը։
Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունը ընտրություններին մասնակցել է զգալի ինստիտուցիոնալ առավելություններով։ Քաղաքական գիտության մեջ ընդունված է, որ իշխանության համար բնականորեն գոյություն ունեն մի շարք առավելություններ՝ վարչական ռեսուրսի հասանելիություն, պետական կառավարման համակարգի վերահսկողություն, տեղեկատվական առավելություններ, արտաքին գործընկերների հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն, ինչպես նաև պետական օրակարգի ձևավորման մենաշնորհ։ Իսկ Հայաստանի պարագայում իշխանությունն ուներ Արևմուտքի մեծ աջակցությունը, որն արտահայտվում էր նաև հրապարակային մակարդակով։ Եթե նույնիսկ այս բոլոր հնարավորությունների պայմաններում իշխանությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, ապա դա խոսում է հասարակության ներսում իշխող ուժի օրակարգի նկատմամբ վստահության էական նվազման և բուն քաղաքական ուժի «մաքուր» քվեների շատ փոքր թիվ կազմելու մասին։
Ընտրությունների անբասիրության թեզի կործանումը
Ինչ վերաբերում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հետ կապված թեզերին, ապա դա ևս քարուքանդ եղավ այս ընտրությունների ժամանակ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր կասկածի տակ են դրել այս ընտրությունների լեգիտիմությունը։ Այն փաստը, որ յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինքնին քաղաքական կարևոր ցուցիչ է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, արդեն իսկ առկա է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն կասկածի տակ է դրվել քաղաքական դաշտի զգալի հատվածի կողմից։
Ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ընթացակարգերի պահպանմամբ, այլ նաև քաղաքական սուբյեկտների և հասարակության կողմից արդյունքների ընդունելիությամբ։ Եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի զգալի մասը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլել քաղաքացիների իրական կամքը, կամ որ առկա են եղել մանիպուլյացիաներ, ապա սա վկայում է քաղաքական համակարգում վստահության ճգնաժամի առկայության մասին։
Հատկապես զգայուն է այն հարցը, որ, ըստ քննադատների, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած որոշ մանիպուլյացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնաց